ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորպորատիվ իրավական մեխանիզմների կիրառումը նպաստում է առողջ, ընդգծված և արդյունավետ կորպորատիվ մշակույթի ձևովորմանը։ Ընկերության ներքին փաստաթղթերի դերը ընկերության հաջողություններում ավելի զգալի է, քան կարելի է ենթադրել։ Այսպիսով, ինչի՞ց է պետք սկսել, ի՞նչն է առաջնահերթ և ի՞նչ գործիքակազմ է անհրաժեշտ օգտագործել՝ մեր պատկերացրած կորպորատիվ մշակույթին հասնելու համար։ Այս հոդվածը կպատասխանի նշված հարցերին՝ ներկայացնելով կորպորատիվ իրավունքի հասկացությունը և վերլուծելով դրա կարևորությունը։
Իրավական փաստաթղթերը հնարավորություն են տալիս կարգավորելու ընկերության գործունեության տարբեր ոլորտներ՝ ընդհանուր զարգացման ռազմավարությունից մինչև աշխատակիցների միջև հաղորդակցման առանձնահատկություններ։ Կախված ընկերության տեսակից, գործունեության ոլորտից և շուկայի սոցիալական մշակույթից՝ ստորև քննարկվող կորպորատիվ փաստաթղթերից մի մասը կարող են կիրառելի լինել, իսկ մնացածը՝ ոչ այնքան արդյունավետ։
Ընկերության հիմնադրման գործընթացում առաջին իրավական փաստաթուղթը բաժնետերերի համաձայնագիրն է։ Այս փաստաթուղթը կարող է հանդիսանալ կողմերի՝ ընկերություն հիմնադրելու վերաբերյալ ընդհանուր պատկերացումների հակիրճ նկարագրից մինչև ընկերության գրանցման պահին նախորդող ողջ գործընթացը կարգավորող փաստաթուղթ, ներառյալ որոշումների ընդունում, կանոնադրական կապիտալի և այլ ծախսերի վճարումներ, կողմերի իրավունքներ, պարտավորություններ և պատասխանատվություն։ Բաժնետերերի համաձայնագիրը հանդիսանում է վերջիններիս իրավահարաբերությունների կարգավորման մեկնարկին ուղղված կարևորագույն քայլ։
Ամենաառանցքային փաստաթուղթը ընկերության համար դրա կանոնադրությունն է։ Պահանջները՝ կանոնադրության կազման, դրանում ներառված տեղեկության և կարգավորման առարկաների շուրջ տարբերվում են՝ կախված օրենսդրությունից։ Գործնականում, ընկերությունների զգալի մաս կառուցված է միջանձնային հարաբերությունների վրա, որտեղ սեփականատերերը նախընտրում են կանոնադրության մեջ ներառել նվազագույն կարգավորումներ՝ հիմնվելով ոչ պաշտոնական կառավարման գործիքակազմի վրա։ Չնայած, որ այսպիսի մոտեցումը կարող է անխափան աշխատել մի խումբ ընկերությունների դեպքում, որոշները դրա արդյունքում անխուսափելիորեն ինչ որ պահի կբախվեն կառավարման ճգնաժամի։ Ընդհանուր արժեքների, մոտեցումների, կառավարման չափանիշների և գործիքակազմի արտացոլումը գրավոր փաստաթղթերում պարզեցնում և հարթում է ընկերության շահառուների միջև հարաբերությունները՝ գործընթացը դարձնելով թափանցիկ և հասկանալի։ Առավել հիմնարար և ընդգրկուն կանոնադրության օգտագործումը կարող է առանցքային դեր խաղալ ընկերության հաջողության հասնելու գործում։
Գործող ընկերությունը բաղկացած է մի շարք առանցքային մարմիններից, որոնցից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում հաջողակ ընկերություն ունենալու համար։ Նշված մարմինների թվին են պատկանում բաժնատերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը, քարտուղարը, ներքին աուդիտը և գործադիր մարմինը։ Նշված կողմերից յուրաքանչյուրի գործառույթները կարող են տարբերվել՝ կախված ընկերության կորպորատիվ մշակույթից։ Լավագույն կորպորատիվ պրակտիկան ենթադրում է այս մարմիններից յուրաքանչյուրի վերաբերյալ կանոնակարգերի առկայություն՝ կարգավորելով վերջիններիս դերը և պարտավորությունները, սահմանելով հստակ աշխատանքային կարգ։ Կարևոր կանոնակարգերի թվին են դասվում նաև շահերի բախման վերաբերյալ կանոնակարգը, շահութաբաժնի բաշխման քաղաքականությունը, հորիզոնական և ուղղահայաց աշխատանքների ընթացակարգը, արդյունավետության ցուցանիշները։ Նշված փաստաթղթերի օգտագործումը կօգնի ընկերությանը հաստատել ցանկալի կորպորատիվ մշակույթ և արդյունավետ բաշխել աշխատանքն ու պատասխանատվությունը։
Ընկերություն հիմնադրելիս յուրաքանչյուր գործարար ունի դրա մասին իր տեսլականն ու արժեքները, և գոյություն չունի հաջողության հասնելու հստակ ճանապարհ։ Այս գործընթացում իրավաբանի դերը կայանում է նշված տեսլականը և արժեքները լավագույնս իրավական փաստաթղթերում արտացոլելում, այդպիսով կորպորատիվ մշակույթի կայացման գործընթացում մարդկային գործոնը փոխարինելով ավելի կայուն և հիմնարար` իրավական գործիքակազմով։