ԿԱՊԱԼԻ ԳԻՆԸ

Կապալի հասկացությունը օրենսդրության տրամաբանության մեջ բավականին լայն և ընդգրկուն է, ինչը հաշվի առնելով կարող ենք պնդել, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների գերակշիռ մասը իրենց գործունեության ընթացքում ներգրավված եղել կամ լինելու են կապալային իրավահարաբերություններում։ Դրանցում, իրենց հերթին, ճնշող մեծամասնություն են կազմում շինարարական կապալի հարաբերությունները: Այս հոդվածի շրջանակներում կանդրադառնանք կապալի պայմանագրի հիմնական առանձնահատկություններից մեկին՝ աշխատանքների գնին, որի նրբություններին տիրապետելու կարևորությունը չի կարող գերագնահատվել:

Կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է այն չափով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման աշխատանքների համար:

Կապալի պայմանագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ աշխատանքի գինը կարող է լինել ինչպես կայուն, այնպես էլ մոտավոր, իսկ դրա վերաբերյալ ցուցումներ չլինելու դեպքում աշխատանքի գինը համարվում է կայուն:

Աշխատանքի գնի տարանջատումը կայունի և մոտավորի ունի կարևոր գործնական նշանակություն: Մասնավորապես՝ մինչև պայմանագիր կնքելը և աշխատանքները սկսելը, որպես կանոն, հնարավոր չի լինում նախատեսել կատարվելիք աշխատանքների և/կամ դրանց համար անհրաժեշտ ծախսերի լրիվ ծավալը: Եթե պայմանագրում աշխատանքների գինը մոտավոր է սահմանված, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում կապալառուն կարող է պահանջել պատվիրատուից վերանայել պայմանագրով սահմանված գինը: Եթե պատվիրատուն համաձայն չէ գնի ավելացման հետ, ապա կարող է հրաժարվել պայմանագրից:

Սակայն եթե աշխատանքի գինը պայմանագրում  սահմանված է կայուն, ապա կողմերը չեն կարող գնի ավելացման կամ իջեցման պահանջ ներկայացնել միմյանց՝ նույնիսկ եթե պայմանագիրը կնքելու պահին բացառվում էր կատարվող աշխատանքների կամ դրանց համար անհրաժեշտ ծախսերի լրիվ ծավալը նախատեսելու հնարավորությունը: Տվյալ դեպքում կողմը չի կարող նաև առանց մյուս կողմի համաձայնության՝ միակողմանիորեն փոփոխել կամ լուծել պայմանագիրը: Ստեղծված իրավիճակը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ երկու կողմերի համար էլ, բայց հատկապես ծանր կարող են լինել հետևանքները կապալառուի համար, ով ստիպված կլինի աշխատել՝ ստանալով ավելի քիչ շահույթ, քան նախատեսում էր: Պետք է փաստել, որ նշված անբարենպաստ հետևանքը կապալառուի համար ստեղծված իրավիճակում հարցի հանգուցալուծման, թերևս, լավագույն տարբերակն է:

Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ, անկախ նրանից՝ պայմանագրի գինը կայուն է, թե մոտավոր, կապալառուի տրամադրած նյութերի և սարքավորումների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից նրան մատուցվող ծառայությունների արժեքի էական բարձրացման դեպքում, որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագիրը կնքելիս, կապալառուն իրավունք ունի պահանջել ավելացնելու սահմանված գինը:

Այսպիսով, կապալի պայմանագիրն էապես առանձնանում է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից աշխատանքի գնի վերաբերյալ իր առանձնահատուկ կարգավորումներով: Սույն հոդվածի շրջանակներում մենք ներկայացրերցինք այն ֆունդամենտալ առանձնահատկությունները, որոնք հաշվի չառնելը յուրաքանչյուր կողմի համար կարող է հանգեցնել զգալի տնտեսական կորուստների: